Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՄԲ, ՈՒԶՈՒՄ ԵՆ ՍՏԱՆԱԼ ՀՀՊ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ»

«ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՄԲ, ՈՒԶՈՒՄ ԵՆ ՍՏԱՆԱԼ ՀՀՊ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ»
30.09.2011 | 00:00

Մենք արդեն քանի՜-քանի անգամ ենք անցել այդ ճանապարհը։ Տարեցները, իհարկե, լավ են հիշում, իսկ երիտասարդներին տեղեկացնենք. հեռավոր 1970-ին մենք արդեն հաղթահարել էինք ռուս-ամերիկյան «եղբայրացման» հերթական փուլը։ Դա այն ժամանակ ակնբախորեն արտահայտվեց սպառազինությունների սահմանափակման Վիեննայի բանակցություններում ԱՄՆ-ի նախագահ Քարտերի և խորհրդային առաջնորդ Բրեժնևի «ջրալի» համբույրներով։ Հետո Ռեյգանի ու Գորբաչովի «գաղտնի հանդիպումներն էին», Բուշի ու Պուտինի առերես զրույցներն ու ընտանեկան շփումները, Օբամայի «վերաբեռնումն» ու Մեդվեդևի «նրբագեղ» ընծան` ամերիկյան նախագահի 50-ամյա հոբելյանի պատվին թողարկված նամականիշի տեսքով։ Բայց կա նաև մի ակնհայտ փաստ. այն, որ այդ բոլոր «կառուցողական» հանդիպումներին վաղ թե փոքր-ինչ ուշ հետևելու էին խորհրդային ներխուժումն Աֆղանստան, Միության փլուզումը, Հարավսլավիայի ռմբակոծությունը, ռուս-վրացական պատերազմը։ Եվ որպես հետևանք` Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունների հերթական սրումը։
Եվ ահա հիմա, թեև ընդամենը երկու տարի է անցել այն օրից, երբ նախագահ Օբաման ազդարարեց ամերիկա-ռուսական հարաբերություններում նոր դարաշրջանի սկիզբը, իսկ Սպիտակ տունը Ռուսաստանի հետ «վերաբեռնման» քաղաքականությունը դեռևս ակտիվորեն մատուցում է որպես իր դիվանագիտության առանցքային հաջողություն, լուրջ հիմքեր կան համարելու, որ այդ հերթական փորձը ևս սովորականի պես կավարտվի ոչ այնքան հաճելի սցենարով։ Թեև հանուն արդարության պետք է նկատել, որ առաջ էլ համագործակցությունը խաղաղ ատոմի հարցում և սպառազինությունների կրճատման պայմանագիրը, ռուսական օգնությունն աֆղանական պատերազմի համար զինամթերքի փոխադրման գործում («վերաբեռնման» գլխավոր ու կարևոր տարրերը) չէին կարողացել չեզոքացնել հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) հարցում եղած լրջագույն տարաձայնությունները։ Բայց օգոստոսյան վերջին իրադարձությունները վկայում են, որ ռուս-ամերիկյան հարաբերություններում նորից դժվարին ժամանակներ են, որոնք «վերաբեռնումը» ոչնչացնելու մեծ վտանգ են պարունակում։
Վերջերս ԱՄՆ-ի Կոնգրեսը ձեռնարկեց մի շարք քայլեր, որոնք լրջորեն անհանգստացրին Ռուսաստանին։ Այսպես, ԱՄՆ-ի Սենատն ընդունեց մի բանաձև, որով Ռուսաստանին կոչ է արվում զորքերը դուրս բերել Հարավային Օսիայից ու Աբխազիայից։ Եվ տեղնուտեղը հիշողության մեջ արթնանում է 2010-ի սեպտեմբերի 22-ին Թբիլիսիում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ ռումբի պայթյունի գրեթե մոռացված պատմությունը, իսկ ԿՀՎ-ն Կոնգրեսին զեկույց է ներկայացնում` այդ ակտի կազմակերպման մեղքը բարդելով ռուսական զինվորական հետախուզության վրա։ Համապատասխանաբար, որոշ կոնգրեսականներ հասան այնտեղ, որ այդ միջադեպն անվանեցին «ԱՄՆ-ի դեսպանատունը պայթեցնելու փորձ»` կոչ անելով կասեցնել ՀՀՊ համատեղ համակարգին առնչվող բոլոր բանակցությունները։ Վաղուց հայտնի է, որ Կովկասը Մոսկվայի ու Վաշինգտոնի համար դիմակայության դաշտ է, և այդ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև կողմերի արձագանքը, կարող են ծառայել որպես միմյանց նկատմամբ նրանց դիրքորոշման ցուցանիշ։
Այնուհետև... Օբաման երկարացրեց սպառնալիք ներկայացնող երկրներ տեխնոլոգիաների արտահանության առևտրական հարաբերությունները կանոնակարգող դաշնային օրենքի գործողության ժամկետը։ Եվ այստեղ, շատ անսպասելիորեն, այն երկրների ցանկում, որոնք «զգալի սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության ու տնտեսության համար», սովորական դարձած «մերժյալների»` Իրանի, Մյանմայի, Սուդանի, Զիմբաբվեի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի, Լիբիայի և Բելառուսի կողքին տեղ գտավ նաև Ռուսաստանը։ Բացի այդ, Ռուսաստանին խորհուրդ է տրվել դադարեցնել զինամատակարարումները Սիրիային, ճիշտ է, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը համաշխարհային ընկերակցությանը կոչ արեց միավորել ջանքերը Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի վարչախմբի դեմ պայքարելու համար։ Հիշեցնենք, խոսքը 600 մլն դոլարանոց գործարքի մասին է, որ Մոսկվայի և Դամասկոսի միջև կնքվել էր դեռևս 2007-ին` լրիվ մարտական կազմով «Բաստիոն» տիպի երկու հրթիռային համալիրի մատակարարման վերաբերյալ։ Լիբիայում կրած բազմամիլիոն կորստից հետո դա, համաձայնեք, ավելի քան տհաճ նորություն էր Կրեմլի համար։
Եվ վերջապես, ամերիկացիները հասցրին ամենասոսկալի, ռուս չինովնիկների համար հնարավոր է և ամենակարևոր հարվածը` 64 մարդու անուն հայտնվեց ամերիկյան վիզա ստանալու պետդեպի «սև ցուցակում», այդ թվում` դատախազների և ոստիկանների, որոնք առնչություն են ունեցել փաստաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան հետ։ Հիշեցնենք, սույն իրավաբանը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ ՌԴ ՆԳՆ մի քանի պաշտոնյաների մեղադրել էր ավելի քան 200 մլն դոլարի հասնող ֆինանսական խարդախությունների մեջ։ Բանտում նրա մահվանից և բարձրացած մեծ աղմուկից հետո Դմիտրի Մեդվեդևին ներկայացված զեկուցագրում հաղորդվում էր, որ մահից առաջ Մագնիտսկուն, հնարավոր է, դաժանորեն ծեծել են և ժամանակին բուժօգնություն ցույց չեն տվել։ Ակներև է, որ ամերիկյան այս մոտեցումը կարող է շուտով որդեգրվել նաև Եվրոպայում (Մեծ Բրիտանիան արդեն մտադրվել է քննարկել «Մագնիտսկու օրենքը»)։ Ավելին, մի խումբ ամերիկացի սենատորներ ձգտում են հասնել այնպիսի օրենքի ընդունման, որը կշոշափի ևս մի քանի պաշտոնյաների շահերը և, բացի վիզաների մերժումից, կսառեցնի նրանց բանկային հաշիվները։
Ինչպես և պետք էր սպասել, «ճնշման և իր ներքին գործերին միջամտելու» կապակցությամբ Մոսկվայի զայրույթը չափ ու սահման չուներ, թեև արձագանքը, թվում է, այնքան էլ համարժեք չէր։ Ռուսները «ակն ընդ ական» ոճով կազմեցին այն ամերիկացիների ցուցակը, որոնց կարգելվի մուտք գործել երկիր կամ բանկային գործունեություն ծավալել ՌԴ տարածքում։ Ռուսաստանի արտգործնախարարության մի բարձրաստիճան պաշտոնյա հայտարարեց, որ ռուսական պատասխան ցուցակը կներառի «այն մարդկանց անունները, ովքեր դժվարություններ են հրահրում ռուս-ամերիկյան հարաբերություններում»։ Ովքե՞ր կարող են լինել այդ մարդիկ։ Ովքե՛ր ասես։ Սակայն շատ փորձագետներ համարում են, որ այդ ցուցակում ոչ թե ամերիկացի ինչ-որ պաշտոնյաներ ու գործարարներ են, այլ դատախազներ ու իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, որոնք զբաղվում են շատ հետաքրքիր գործերով։ Մեկը` Վիկտոր Բուտի, որը մեղադրվում է ահաբեկիչներին զենք մատակարարելու մեջ, և մյուսը` Կոնստանտին Յարոշենկոյի, օդաչուի, որն զբաղվում էր զենքի մաքսանենգությամբ և կալանավորվել է Աֆրիկայում։ Այսինքն, Կրեմլի այդ «հակամիջոցներից» հետո նրանք պնդում են. «Հիմա ռուսական դիվանագիտությունը հովանավորում է կազմակերպված հանցավորության մեջ կասկածվող անձանց»։
Ինքնըստինքյան հասկանալի է, որ շահարկումներ են սկսվել Աֆղանստանի, Իրանի, Լիբիայի և Հյուսիսային Կորեայի գծով ԱՄՆ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու սպառնալիքների ձևով։ Չէ՞ որ, եթե «ռուսական տարանցումը» նախապես հղացվել էր որպես այլընտրանքային երթուղի ոչ մարտական մատակարարումների համար, ապա նրա նշանակությունը վերջին երկու տարում մեծացել է, և ներկայումս նրան է բաժին ընկնում դեպի Աֆղանստան ամերիկյան ամբողջ ռազմական տարանցման կեսից ավելին։ Անցած տարի Մոսկվան ամերիկյան ինքնաթիռներին պաշտոնապես թույլատրել էր Ռուսաստանի օդային տարածքով զորք ու սպառազինություն փոխադրել` տարեկան մինչև 4,5 հազար չվերթ։ Այսինքն, սպառնալիքը, կարծես, լուրջ է։ Սակայն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հնարավոր ձախողումը Ռուսաստանի համար իրական սպառնալիք է` Թալիբանին ստանալու իր սահմանների մոտ, իսկ սա, իհարկե, ավելի կարևոր է, քան պաշտոնյաների կրած ցանկացած դառնություն։ Բացի այդ, ֆինանսական լուրջ շահ կա աֆղանական բանակի տեխնիկայի նորոգումից և հանդերձավորումից, որը ստացվում է ոչ առանց ամերիկացիների օգնության։ Հասկանալի է, որ դա կրեմլյան օգտապաշտների համար ավելի կարևոր է, քան շատ «դառնություններ»։
Ի՞նչ է մնում։ Մնում է գործել հին, իր դարն ապրած, բայց ռուս շարքային քաղաքացու համար դեռևս ընդունելի «զադորնովյան» ոճով` «այդ ամերիկացիները, դե, բթամիտի մեկն են...»։ Բայց ռուս վերնախավն ավելի հեռուն գնաց։ Պուտինը, ելույթ ունենալով երիտասարդական հավաքում, ԱՄՆ-ին անվանեց համաշխարհային տնտեսության «մակաբույծ»։ Իսկ արհամարհական մակդիրների սիրահար, ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ռոգոզինն ամերիկացի սենատորներին անվանեց «սառը պատերազմի հրեշներ»։ Ինչպես հայտնի է, նա հանդիպում էր պահանջել հանրապետական սենատորների հետ, հետո էլ հայտարարել, թե նրանք «ինձ նայում էին ավելի շատ ոչ թե բիբերով, այլ նշանոցներով»։ Ավելին, Ռոգոզինը պնդել էր, թե իրեն ասել են, որ ՀՀՊ ստեղծվող համակարգն ուղղված է Ռուսաստանի դեմ։ Բացի այդ, նա պահանջել էր, որ Մոսկվային լիովին հասու լինեն վաղ իրազեկման ամերիկյան տեղեկությունները և այլ տվյալներ, ներառյալ ամերիկյան համակարգի կառուցվածքը, և նախազգուշացրել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կարող են անհաջողության մատնվել, եթե ԱՄՆ-ում իշխանության գան «արմատական» հանրապետականները (դժվար չէ պատկերացնել, թե ինչ փոթորիկ կբարձրանար Մոսկվայում, եթե ԱՄՆ-ում որևէ պաշտոնատար անձ հայտարարեր, թե ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագան կախված է Ռուսաստանում խորհրդարանական ու նախագահական ընտրությունների արդյունքներից)։
Ինչպես և պետք էր սպասել, Ռուսաստանի վարչապետի հայտարարությունը, ներկայացուցչի գնահատականներն ու պահանջները լրջորեն վրդովեցրին Վաշինգտոնին։ «Այն, ինչ կարող են ձեռք բերել լրտեսությամբ, ուզում են ստանալ ՀՀՊ պայմանագրով»,- հայտարարել է Ռոգոզինի հետ հանդիպմանը ներկա գտնված ամերիկացի մի պաշտոնյա։ Բացի այդ, սենատոր Քայլը նշել է, որ Ռուսաստանը հրաժարվում է իրավաբանական նույնպիսի երաշխիքներ տալուց առ այն, որ ռուսական հրթիռներն ուղղված չեն լինի ԱՄՆ-ի վրա (հայտնի է, որ մինչև հիմա էլ ռուսական հարյուրավոր բալիստիկ հրթիռների միակ նշանակետերը գտնվում են Հյուսիսային Ամերիկայում)։ Իսկ, ընդհանուր առմամբ, այնտեղ հետևության են հանգում, որ ռուսական դիրքորոշման և հռետորաբանության կոշտացումը վկայում է, որ Օբամայի «վերաբեռնման» քաղաքականությունը չի գործում, իսկ երկու երկրների հարաբերությունները սրընթաց վատթարանում են։ Պատահական չէ, որ քաղգործիչների ու լրատվամիջոցների շրջանում ամենատարածված արտահայտություններից մեկը «վերաբեռնման» կոճակը փչացել է» խոսքն է դարձել։ Իհարկե, դեռ հույս կա, որ Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները բարդացնող չլուծված հարցերն ավելի հստակ կձևակերպվեն այս աշնանն սպասվող մի շարք երկկողմ միջոցառումների ընթացքում։ Դրանցից են նաև Օբամայի հետ Մեդվեդևի հերթական հանդիպումն ու ՀՀՊ խնդրի շուրջ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև բանակցությունների նոր ռաունդը։ Բոլոր դեպքերում, եթե անգամ հարաբերությունները տուժում են, ռուս և ամերիկացի քաղգործիչների ուշադրությունը, միևնույն է, կենտրոնացած է իրենց երկրներում 2012-ի նախագահական ընտրությունների վրա, և մինչև 2013-ը ոչ մի նշանակալի քայլ նրանք չեն ձեռնարկի։ Հետևաբար, դեռ ժամանակ կա, որ այդ երկարուձիգ պիեսի` «ռուս-ամերիկյան հարաբերությունների», մյուս բոլոր «ճ» կարգի դերակատարները ևս ճշգրտեն իրենց դիրքորոշումները։ Բայց ժամանակը, ակներևաբար, շատ կարճ է։
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ